AM
31 August 2020 - 12:47 AMT

Մակրոնն Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է սկսում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու:

«Թուրքիայի վերջին տարիների ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարություն»,- ասել է նա, գրում է Ermenihaber-ը:

Նրա խոսքով` Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ և ոտնահարում են Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխանության իրավունքը:

Անդրադառնալով վերջերս Արևելյան Միջերկրականում Հունաստանի , Կիպրոսի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ իրականացված զորավարժանքներին, Մակրոնը հայտնել է, որ պաշտոնական Փարիզը կոշտ, սակայն չափավոր դիրքորոշում է որդեգրել:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին:

«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,- հայտարարել է Աքսոյը:

Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։