ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում, տեղեկացնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:
Արձանագրությունը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար – Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության պետ Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Այսպիսով Ռուսաստանի երկաթուղիների դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները վերացվել են:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։ Նա հավելել էր, որ քննություն է ընթանում: «Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում ՌԴ նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»,-ասել էր վարչապետը:
Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան նախարարությունները համաձայն են ՀԿԵ գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական ստուգումների արդյունքների հետ, որոնք կատարվել են 2008-ին կոնցեսիոն պայմանագրի կնքման պահից։ Հաստատվել է նաև, որ ՀԿԵ-ն լիովին կատարել է իր ներդրումային պարտավորությունները և, որպես դրա հետևանք, կողմերը չունեն բողոքներ։
Նշվում է, որ արձանագրության ստորագրումը կարևոր է ՀԿԵ առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Խոսքն ինչպես բեռնափոխադրումների և ուղևորահոսքի ծավալների ավելացման, այնպես էլ երկաթուղու շարժակազմի թարմացման մասին է։
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո խուզարկություններ իրականացվեցին ՀԿԵ գրասենյակում՝ հարկերից խուսափելու կասկածանքով: Ընկերությունը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքները և որ հետաքննությունը կողմնակալ է:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկություն հանդիսացող «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով 30 տարով փոխանցվել է Ռուսաստանի երկաթուղիներին 2008-ին: