AM
3 Սեպտեմբեր 2020 - 07:53 AMT

Հանրագրերի միասնական նոր հարթակ՝ ՀՀ-ում

ՀՀ-ում գործարկվել է հանրագրերի միասնական հարթակ` E-petition.am կամ Hanragir.hay դոմեյններով, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այն հայտնի Change.org-ի հայկական տարբերակն է։

Հանրագիրն ընդհանուր նշանակություն ունեցող գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են սոցիալական, քաղաքական, տնտեսական թեմաների վերաբերյալ առաջարկություններ, պետական կառավարման մարմինների գործունեության թերությունների շտկման կամ բարելավման մասին հաղորդում անել։

Հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, ստորագրել դրանք, հետևել ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը։

Փոխվարչապետ Ավինյանի խոսքով՝ Կառավարությունը ցանկանում է էլեկտրոնային կառավարման գործիքներով խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացմանը։ Ըստ նրա՝ իրենք հատուկ ուշադրությամբ են հետևելու հարթակում տեղի ուենցող գործընթացներին;

2020-ի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման ցուցիչի համաձայն՝ ՀՀ-ն 193 երկրի ցանկում զբաղեցնում է 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ 19 կետով բարելավելով իր դիրքերը։