Բրազիլիայում ամազոնյան անտառների հրդեհների վերաբերյալ 2020-ի օգոստոսի տվյալները ճշտվելու կարիք ունեն, ինչից հետո կերևա, թե նախորդ տարվա համեմատ ինչքան են աճել դրանք։ Reuters-ի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ օգոստոսյան անտառային հրդեհները լինեն վերջին 10 տարվա կտրվածքով ամենաավերիչը։
Սխալ հաշվարկները կապված են NASA-ի արբանյակներից մեկի աշխատանքի խնդիրների հետ։
Նախկինում հայտարարված տվյալները, ըստ որոնց՝ անտառային հրդեհները կրճատվել են 5%-ով, սխալ են։ Դրանց վիճակագրությամբ զբաղվող Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականի կարծիքով՝ երբ տվյալները վերահաշվարկվեն, հավանաբար դրանք նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ կաճեն 1-2%-ով։
Բնապահպան իրավաբանները և գիտնականները երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրում են երկրում շրջակա միջավայրի պաշտպանության թուլացման համար և կոչ անում ավելի հետևողական լինել ամազոնյան անտառների նկատմամբ։
Այս անտառները կարևոր նշանակություն ունեն գլոբալ տաքացման դանդաղեցման գործում, և աշխարհի ամենամեծ արևադարձային անտառներն են։