AM
14 September 2020 - 08:56 AMT

Ուզբեկստանը հետ կստանա նախկին նախագահի դստեր՝ Շվեյցարիայում պահվող գումարը

Շվեյցարիան և Ուզբեկստանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի գործով այդ երկրին $131 մլն վերադարձնելու մասին։

Ըստ համաձայնագրի՝ գումարը պետք է տրամադրվի Ուզբեկստանի բնակչության կենսապայմանների բարելավմանը, փոխանցում է «Վեդոմոստին»։

2012-ին դաշնային հետախուզությունը կալանք էր դրել Քարիմովայի մոտ $865 մլն գումարի վրա։ 2019-ին $131 մլն վերադարձնելու համաձայնագիր էր ստորագրվել, մնացած գումարը շարունակում է կալանքի տակ մնալ։

2013-ին Քարիմովայի դեմ քրգործ էր հարուցվել շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով։ 2015-ին նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բայց երկրի Գլխավոր դատախազությունն այդ մասին միայն 2 տարի անց էր հայտարարել։ 2017-ին հայտնի դարձավ, որ քրգործը շարունակվելու է այլ մեղադրանքով։ 2 քրգործով ընդհանուր վնասը գնահատվել է մոտ $2 մլրդ։ 2019-ին Քարիմովայի դեմ նոր քրգործ է հարուցվել՝ յուրացման ու պետությանը վնաս պատճառելու մեղադրանքով։ Այժմ նա ընդհանուր ռեժիմով բանտում է։