AM
22 July 2002 - 18:25 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՇԽՈՒՅԺ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Ռուսաստանի հարավում աշխուժանում է հայկական եկեղեցիների շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Երկրամաս» թերթը, հուլիսի 22-ին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Հարավռուսաստանյան թեմի եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը: Առաջիկա աշնանը պատրաստվում է Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու օծումը, ավելի ուշ կօծվի Պյատիգորսկ քաղաքի եկեղեցին (Ստավրոպոլի երկրամաս): Նույն ժամանակահատվածում կօծվի Մայկոպի հայկական եկեղեցին (Ադիգեյի Հանրապետություն), իսկ տարվա վերջում` Կուբանի Տուապսեյի շրջանի Թենգինկա գյուղի եկեղեցին: Այժմ շինարարական աշխատանքներ են գնում նաեւ Ստավրոպոլ քաղաքում եւ Դաղստանում, որտեղ հայկական եկեղեցի է կառուցվում Կիզլյար քաղաքում: Իսկ Դերբենտում սկսվել է հայկական եկեղեցու վերանորոգումը, որի հիմքը դրվել է դեռեւս IV դարում: Այս տարվա աշնանը կօծվի Սոչիում նախատեսվող հայկական եկեղեցու շինարարությանը հատկացված հողատարածքը եւ կսկսվի Բուդյոնովսկ քաղաքում նոր հայկական եկեղեցու շինարարությունը (Ստավրոպոլի երկրամաս): Նույնպես այս տարում կսկսվի ՀԱԵ Հարավռուսաստանյան թեմի վարչական շենքի շինարարությունը Կրասնոդարում: