Եվրամիությունը հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչել։ Ինչպես ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, Լուկաշենկոյի երդմնակալությունը զուրկ է ժողովրդավարական լեգիտիմիությունից և նպաստում է ճգնաժամի խորացմանը երկրում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն հաստատում է, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները Բելառուսում ոչ ազատ էին, ոչ էլ արդար։ ԵՄ-ն չի ճանաչում դրանց արդյունքները, որոնք կեղծվել են»,- ասվում է փաստաթղթում։
Բրյուսելում կարծում են, որ Լուկաշենկոյի կողմից նախագահի պարտականությունների ստանձնումը հակասում է բնակչության մեծ մասի կամքին, որի վկայությունն են զանգվածային ցույցերը։
Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, հրաժարվել բռնությունից և ազատել բոլոր կալանավորներին։
Ըստ ԿԸՀ-ի՝ Լուկաշենկոն ընտրությունների արդյունքում ստացել է քվեների 80.1%-ը՝ 6-րդ անգամ անընդմեջ դառնալով երկրի նախագահ։
Ընդդիմությունն ու ԵՄ-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Բելառուսում բողոքի ցույցերն են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս։ Առաջին օրերին ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է օգտագործել, ռետինե փամփուշտներ, հետո՝ հրաժարվել ուժային մեթոդներից։ Սեպտեմբերի 23-ին բողոքի ցույցերը նոր թափ են ստացել՝ ցուցարարների դեմ կրկին ջրցան մեքենաներ և մահակներ են կիրառվել։