Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել իրավիճակի լիցքաթափման գործում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ նպաստելու համար սրման լիցքաթափմանը: Ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», – ասել է նա՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ սիրիացի գրոհայինները Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ղարաբաղ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրախորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հանձնառությունը:
«Մահերը խաղաղ բնակչության շրջանում անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն ՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին (Ժոսեպ Բորել) ուսումնասիրել ԵՄ հետագա աջակցությունը կարգավորման գործընթացին», – ասվում է հայտարարության մեջ;
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։