Ռուսաստանի կառավարությունը գոհ է ՌԴ հանդեպ Հայաստանի 100 մլն դոլար կազմող պետական պարտքի մարման հաշվին ռուսական կողմին ձեռնարկությունների տրամադրման շուրջ բանակցությունների տրամաբանական ավարտով: Ինչպես «Վեդոմոստի» թերթին հաղորդել է աղբյուրը ՌԴ նախարարների կաբինետից, ռիսկ իսկապես կար, որ «հայկական պարտքը հեշտությամբ կարող էր դասվել չմարվողների կարգին», քանի որ Ռուսաստանը երկար ժամանակ ոչ մի կոպեկ չէր կարողանում ստանալ զարգացման նույն մակարդակն ունեցող շատ երկրներից, ինչպիսին Հայաստանն է: ՌԴ Ֆինանսների նախարարության արտաքին դեպարտամենտի նախկին ղեկավար Անդրեյ Չերեպանովի կարծիքով, պարտքի մարման նման եղանակը ձեռնտու է նաեւ Հայաստանին: «Ռուսաստանը կսկսի զարգացնել ձեռնարկությունները` այդպիսով ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսությունում», – նշել է նա: ՌԴ կառավարությունում արդեն ծրագրեր են կառուցվում Հրազդանի ՋԷԿ-ի – «Մարս» գործարանի առնչությամբ: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Վոլինն հայտնել է, որ Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքը կլինի հարյուր տոկոսանոց իրացվելի – կապահովի էլեկտրաէներգիայով Կովկասի ողջ տարածաշրջանը: Ինչ վերաբերում է «Մարս» գործարանին, որը ԽՍՀՄ-ի փլուզման նախօրեին հանդերձվել էր նոր արտասահմանյան սարքավորումներով, այսօր էլեկտրոնիկա է մատակարարում Ռուսաստանի մի շարք ձեռնարկությունների, այդ թվում նա- ռազմաարդյունաբերական համալիրին: «Այդպիսով, մենք վերականգնում ենք տեխնոլոգիական շղթան Ռուսաստանի ներսում», – հայտարարել է Ալեքսեյ Վոլինը: