ԱԱԾ-ն զգուշացնում է, որ վերջին շրջանում շատացել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
Մասնավորապես, Facebook-ում ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է՝ ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում։
Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Նշվում է, որ անհրաժեշտ է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, լինել զգոն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է համազգային միասնությունը խաթարելուն, պետությունը թուլացնելուն:
Անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ամբողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:






