AM
4 October 2020 - 13:26 AMT

Թբիլիսին հերքել է Վրաստանով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին լուրերը

Թբիլիսին հերքել է Վրաստանով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին լուրերը: Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան դա ապատեղեկատվություն և սուտ է անվանել, գրում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը մի տեսանյութի մասին է, որը մի քանի օր է՝ տարածվում է համացանցում: Դրանում զրահատեխնիկա է երևում։ Օգտատերը տեսանյութում ասում է, թե իբր այդ տեխնիկան գտնվում է Բորժոմում և գնացքով ուղարկվելու է Ադրբեջան։

«Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե իբր Վրաստանի տարածքով Ադրբեջան սպառազինություն է տեղափոխվում, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ։ Ես ուզում եմ կոչ անել հայկական կողմին և ամբողջ բնակչությանը՝ տեղի չտալ նման ապատեղեկատվությանը»,-ասել է Դարսալիան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։