AM
6 Հոկտեմբեր 2020 - 16:16 AMT

ԱԱԾ․ Armenian Style, «Երևան-Հայաստան», Armenian Realty ֆեսբուքյան էջերը վարում են ադրբեջանցիները

Facebook-ում հակառակորդի կոտրած Armenian Style, «Երևան-Հայաստան», Armenian Realty էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ նշելով, որ հակառակորդը կոտրում է Facebook-ում հայկական հաշիվներ ու էջեր, փորձում դրանցով հակասություններ ձևավորել, պառակտել հասարակությունը, գաղափարական տարաձայնություններ սերմանել, ինչպես նաև խուճապ առաջացնել։

Բացի այդ, հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգում են և սոցիոլոգիական հարցումներ իրականացնում։

Ծառայությունը հորդորում է չպատասխանել սոցիոլոգիական հարցումների, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակներով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ դրանք տարածելուց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):