AM
6 October 2020 - 17:39 AMT

ՌԴ և Իրանի ԱԳՆ․ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իրանցի իր պաշտոնակից Մոհամադ Զարիֆը հեռախոսով խոսել են ու մատնանշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Սրիայից ու Լիբիայից զինյալների ներգրավման վտանգավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նախարարների՝ ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, իսկ «դրա սկիզբը պետք է լինի կրակի դադարեցումը՝ առանց նախապայմանների»:

Թեհրանը նաև հայտարարել է, որ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտի արտաքին միջամտության հնարավորությունից և հակամարտության՝ տարածաշրջանային պատերազմի վերաճելուց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։