AM
18 February 2009 - 10:31 AMT

Ներսես Երիցյանը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին. Խնդիրը ոչ թե օրենքներն են, այլ դրանց կատարումը

Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրահանձնաժողով նիստը` նվիրված ազատ առեւտրի մասին պայմանագրի կնքման նախապատրաստման շուրջ ընթացող բանակցություններին: Հայաստանի կողմից նիստում նախագահում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, եվրոպական կողմից` Եվրահանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչը:

«Այս հանդիպումը կարեւոր նշանակություն ունի եվրոպական շուկաներին հայկական շուկայի ու բիզնեսի հետագա ինտեգրման համար»,-հաղորդել է Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, Եվրահանձնաժողովը հանձնարարել է զեկույցներ պատրաստել առ այն, թե Հայաստանի տնտեսական աճի վրա ինչ ազդեցություն կունենա ազատ առեւտրի մասին պայմանագրի կնքումը: Այն հարցին, թե որքանով է հայկական օրենսդրությունը նախապատրաստված ազատ առեւտրի մասին պայմանագրին` Ներսես Երիցյանը պատասխանել է, որ խնդիրը օրենքների կատարումն ապահովելու մեջ է, այլ ոչ թե բուն օրենսդրության: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ մի քանի ուղղություն է մշակվել, որտեղ լուրջ աշխատանք կտարվի: «Առաջին հերթին, դրանք առեւտրի տեխնիկական խոչընդոտներն են` արտոնագրումը, ստանդարտիզացիան, հիգիենասանիտարական խնդիրները, որոնք զգալի ներդրումներ են պահանջում համապատասխան ենթակառուցվածքներում, լաբորատորիաների ստեղծում, ներդրումներ գիտության մեջ, երկրորդը` մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրենսդրական դաշտ»: Ներսես Երիցյանը հավելել է, որ անհրաժեշտ են նաեւ ինստիտուցիոնալ փոփոխություններ պետական գնումների ոլորտում եւ ընդհանուր առմամբ մրցակցային միջավայրի ստեղծում: Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարարը, բոլոր այդ հարցերով Եվրահանձնաժողովը կաջակցի Հայաստանին Եվրոպական հարեւանության ծրագիրն արագ կյանքի կոչելու համար, որտեղ տնտեսական բաժինը գերակայում է:

Ենթադրվում է, որ 23 փորձագետներից կազմված ներկայացուցչական պատվիրակությունը Եվա Սինովիչի գլխավորությամբ կմասնակցի քննարկումներին 12 փորձագիտական խմբերում: