AM
20 July 2002 - 14:41 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչ են արել Բաքվում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի զեկուցողներ Անդրեաս Գրոսին եւ Մարտինես Կասանին պաշտոնանկ անել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրայության ղեկավար` Ադրբեջանի նախագահի որդուն Իլհամ Ալիեւին եւ փոխարինել նրան ավելի չեզոք խորհրդարանականով: Միեւնույն ժամանակ ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը իր անհամաձայնությունն է հայտնել Գրոսի հայամետ տրամադրությունների համար նրա հասցեին հնչած մեղադրանքների հետ:«Պետք է հասկանալ, որ ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրումը ոչ թե Գրոսի խնդիրն է, այլ ադրբեջանական ժողովրդի, եւ առաջին հերթին իշխանությունների` Հեյդար Ալիեւի վարչակազմի համար»,- ասել է «Մուսավաթի» առաջնորդը: Միեւնույն ժամանակ «Մուսավաթ»-ի առաջնորդը բացասական գնահատական է տվել այն փաստին, որ Անդրեաս Գրոսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Գամբարն ավելացրել է, որ 90 տարվա ընթացքում «հայերն իրենց պատմության վերաբերյալ համապատասխան կարծիք են ստեղծել Արեւմուտքում»: «Սակայն դրա պատճառով Ադրբեջանը չի կարող հրաժարվել Արեւմուտքի հետ համագործակցությունից», – ընդգծել է «Մուսավաթ»-ի առաջնորդը: