«Բջնի» հանքային ջրերի գործարանի նոր սեփականատեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կոչ է արել հանրությանը «տուն-տունիկ չխաղալ» կառավարության հետ: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսում` մեկնաբանելով գործարանի գնման շուրջ բարձրացած աղմուկը: «Ես ձեռք եմ բերել գործարանը զգալի գումարով»,-հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքերով, «Բջնի» հանքային ջրերի գործարանը եկամտաբեր բիզնես է: Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի տեղի կունենա «Բջնիի» հանձնման-ընդունման գործընթացը, որից հետո կսկսվի գործարանի գործարկման իրական աշխատանքը: Հայրապետյանը ենթադրել է, որ առաջին արտադրանքը կթողարկվի ընթացիկ ամսվա ավարտին, կամ եկող ամսվա սկզբին, եթե չնախատեսված հանգամանքներ չառաջանան:
Զրույցի ժամանակ Ռ.Հայրապետյանը հայտարարել է նաեւ, որ նա չի նախատեսում լուրջ կադրային փոփոխություններ. «Ով կցանկանա աշխատել ինձ հետ` կմնա, բազմամյա փորձ ունեցող մարդիկ շատ օգտակար են գործարանի արդյունավետ գործունեության համար»: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում աշխատատեղեր են կրճատվում, իսկ ես, հակառակը, գործարանը ձեռք եմ բերել, որպեսզի աշխատակիցներն իրենց աշխատանքը չկորցնեն»,- հայտարարել է հայ պատգամավորը:
Այն հարցին, թե հատկապես ինչու նա գնեց «Բջնի» հանքային ջրերի գործարանը, Հայրապետյանը պատասխանել է, որ լավ է ուսումնասիրել այս բիզնեսը եւ գտնում է, որ այն շահութաբեր է: «Մեկ տարուց ես կներկայացնեմ գործարանի գործունեության արդյունքները, այն ժամանակ էլ կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունի գործարանը եւ ինչպես է նա կատարում իր պարտավորությունները կառավարության առջեւ»-ասել է նա:
«Բջնի» հանքային ջրերի գործարանը, որ պատկանում էր Սուքիասյանների ընտանիքի «ՍԻԼ» կոնցեռնին, փակվեց հարկային պարտավորությունների կատարման թերացման համար Վարչական դատարանի`ձեռնարկությունից 4 մլրդ դրամ գանձելու որոշման հիման վրա: Գործարանը բազմիցս հանվել է աճուրդի, սակայն ձեռք բերման հայտ չի ներկայացվել: «Բջնիի» վաճառքի վերջին աճուրդը տեղի է ունեցել 2009թ. փետրվարի 5-16: Աճուրդի ժամանակ այն գնելու միայն մեկ առաջարկ է եղել` 4 մլրդ 441 մլն 500 հազար դրամով: