AM
22 October 2020 - 14:33 AMT

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում, ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից մի անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հետաքննության տվյալներով՝ 1999 թվականին ծնված անձը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ցուցումով պատրաստվել է ինքնաշեն ռումբ պայթեցնել իշխանության մարմինների շենքերից մեկում:

ԱԴԾ տվյալներով՝ հետագայում երիտասարդը նպատակադրվել է գնալ Մերձավոր Արևելք և կռվել ահաբեկիչների շարքերում:

Նրա թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ նամակագրություն գրոհայինների հետ, պայթուցիկ նյութը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև ահաբեկիչների ղեկավարներին երդում տալու տեսանյութ:

Չի հստակեցվում, թե որտեղ և երբ է նա պլանավորել իրականացնել պայթյունը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին հայտարարվել էր, որ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալություններ են իրականացվել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և այլուր։