AM
2 November 2020 - 08:46 AMT

Ցուրկով. Բարձրաստիճան զինյալ է սպանվել Ադրբեջանում, տասնյակներ կորած են

Օմար ալ Ջալաբին` Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական «Ալ-Համզա» դիվիզիայի 80-րդ բրիգադի հրամանատարը, սպանվել է Ադրբեջանում։

Այս մասին հայտնում է Մերձավոր Արևելքի իր ուսումնասիրություններով հայտնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը` նշելով, որ Հալեպի շրջանի Հիվար Քիլիս գյուղ է բերվել սպանված 9 վարձկանի մարմին։

Ըստ Ցուրկովի` մեկ այլ թրքամետ խմբակցության` «Սուլթան Մուրադ» դիվիզիայից տասնյակ զինյալներ անհետ կորած են Լեռնային Ղարաբաղում։

«Նրանք մոլորվում են, որովհետև տեղանքին ծանոթ չեն։ Առնվազն 2 վարձկան գերեվարվել է հայկական ուժերի կողմից»,- գրում է նա։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։