AM
2 November 2020 - 11:24 AMT

Մահացել է լրագրող Ֆիսկը, ով գրում էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

Դուբլինում 74 տարեկանում մահացել է անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, փոխանցում է Nachedu-ն։

Ֆիսկն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, քայլեր ձեռնարկել, որ Թուրքիայի կառավարությունն ընդունի ցեղասպանության ճշմարտությունը: 2001-ին Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության հետազոտման համար նա ստացել է «Դավիդ Վատ» մրցանակ:

Նա 1970-ականներին լուսաբանել է Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը, 1974 թվականին՝ Պորտուգալիայի հեղափոխությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979 թվականին՝ Իրանական հեղափոխությունը, Աֆղանական պատերազմը, Իրան-իրաքյան պատերազմը, Իրաք-քուվեյթյան պատերազմը, Բոսնիական պատերազմը, Ալժիրի քաղաքացիական պատերազմը, Կոսովոյի պատերազմը, 2001-ին Աֆղանստանում միջազգային միջամտությունը, 2003-ին կոալիցիոն ուժերի ներխուժումն Իրաք, 2011-ի Արաբական գարունը և ներկայիս Սիրիական ճգնաժամը:

Ֆիսկը հայտնի է նաև նրանով, որ 3 անգամ հարցազրույց է վերցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից Ուսամա Բեն Լադենից։