Եվրամիությունը ոչ մի հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների օրինականության կամ անօրինականության վերաբերյալ: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական մամուլով վերջին ժամանակներս այս կամ այն փաստաթղթի վերաբերյալ աղավաղված փաստեր են տարածվում նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Որպես օրինակ նա բերել է Ադրբեջանի նախագահի վերջերս արված հայտարարությունը Քի-Ուեսթի բանակցությունների վերաբերյալ, որը նույնպես չէր համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերվում է տեղեկատվությանը այն մասին, թե, իբր, Եվրամիություն-Ադրբեջան Համագործակցության եւ գործընկերության խորհրդի նիստում ընդունվել է մի փաստաթուղթ, որտեղ, ասվում է Լեռնային Ղարաբաղում նախագահական կամ այլ ընտրությունների անցկացման անօրինականության մասին, ապա Ձ. Աղաջանյանի խոսքերով, նման փաստաթուղթը չի կարող համարվել պաշտոնական հայտարարություն: Սովորաբար նման նիստերի արդյունքում, նշել է նա, ընդունվում են արձանագրություններ, որտեղ պարզապես արտացոլվում են քննարկված հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այլն: