Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության ներսում անվտանգության ապահովման համար հարկավոր է բարեփոխել Շենգենի գոտին։ Նա նաև առաջարկել է Ներքին անվտանգության եվրոպական խորհուրդ ստեղծել, ինչպես նաև խստացնել ինտերնետի վերահսկողությունը, գրում է «Կոմերսանտը»։
«Մենք պետք է բարեփոխենք Շենգենը, որպեսզի այն դառնա անվտանգության տարածք, ինչը ենթադրում է Եվրամիության արտաքին սահմանների ուժեղացում, Շենգենի գոտու գործունեության գնահատման մեխանիզմի բարելավում»,- ասել է Մակրոնը։
Ըստ նրա, Փարիզն առաջիկայում կներկայացնի բարեփոխումների ծրագիրը։
Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ընդունել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին։ Նրանք տեսակոնֆերանս են անցկացրել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրանց հանդիպման թեման պայքարն էր ԵՄ-ում ահաբեկչական սպառնալիքի դեմ։