AM
11 November 2020 - 12:23 AMT

Վրաստանը բացել է իր օդը ռուս խաղաղապահների համար

Բաքվի և Երևանի խնդրանքով, Վրաստանը բացառության կարգով բացել է իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին տեղափոխող ինքնաթիռների համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Նա հավելել է, որ այդ նպատակով օդային տարածքը բացվել է սահմանափակ ժամանակով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի խնդրանքով ռուս խաղաղապահների զորակազմի մի մասը նախապես համաձայնեցված որոշակի և սահմանափակ ժամանակահատվածով տեղափոխվելու են ԼՂ հակամարտության գոտի Վրաստանի օդային տարածքով։ Այդ մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին»,-հայտարարել է Աբաշիձեն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: