AM
23 November 2020 - 10:06 AMT

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման նոր փուլ մտնելու մասին

Իրանը թևակոխել է ուրանի հարստացման նոր փուլ՝ ցենտրիֆուգները լիցքավորելով հեքսաֆտորային գազով: Այս մասին, Pars Today-ի փոխանցմամբ, հայտարարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին։

Նա նշել է, որ ուրանի հեքսաֆլորիդի կամ UF6 գազի ներարկումը ցենտրիֆուգ, 238 ուրանը 235 ուրանից տարանջատման փուլի վերջին քայլն է: Նրա խոսքով՝ Նաթանզ գործարանում, բացի առաջին սերնդի ցենտրիֆուգներից, ուրանը կհարստացվի նաև 174 RM 2 տեսակի ցենտրիֆուգների շղթայով:

Ղարիբաբադին նշել է, որ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի առջև ծառացած լուրջ մարտահրավերները նախ միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների՝ միակողմանի դուրս գալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու, ապա նաև` Իրանի վնասները փոխհատուցելու հարցում եվրոպացիների անգործության հետևանք են:

Նա հավելել է, որ եվրոպական կողմը որևէ կոնկրետ գործնական քայլ չի ձեռնարկել պատժամիջոցների չեղարկման և միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Մեկ տարի անց Իրանը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է ծրագրով որոշ պարտավորությունների կատարումը և վերսկսում է առանց սահմանափակումների արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման գործընթացը։