AM
27 November 2020 - 10:36 AMT

Սպառողների համար ջրի սակագինը չի փոխվի

2021-ին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները:

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021-ի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմել է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագների գումարային մեծության նկատմամբ պակաս է 1,753 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):

Հաշվի առնելով, որ 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է 2020 թվականի համար գործող մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) և 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը (ընկերության լիցենզիայի համաձայն ճշգրտումից հետո՝ 1.761 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) տեղափոխել և նվազեցնել 2022 թվականին սահմանվող սակագներից:

Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: