AM
30 November 2020 - 11:03 AMT

ԶԼՄ․ Իրանցի գիտնականի սպանության վայրում իսրայելյան զենքի հատվածներ են գտել

Միջուկային ֆիզիկայի հայտնի իրանցի մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վայրում իսրայելյան արտադրության զենքի հատվածներ են հայտնաբերվել, հայտնել է Press TV-ն։

Ըստ իրանական հեռուստաալիքի՝ դա վկայում է, որ գիտնականի սպանության համար իսրայելական զենք է օգտագործվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Ֆահրիզադեի վրա մահափորձը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ Դամովենդ քաղաքի մերձակայքում։ Գիտնականը, որը ղեկավարում էր նաև երկրի ՊՆ-ին կից հետազոտական կենտրոնը, վիրավորվել էր և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։

Ֆիզիկոսը երթևեկում էր զրահապատ մեքենայով, սակայն նա սպանվել է հեռավար ավտոմատ կառավարվող զենքից, երբ դուրս է եկել մեքենայից։ Գիտնականը տիկնոջ հետ Ռոստամկոլա քաղաքից երթևեկում էր Աբսարդայի ուղղությամբ։ Նրան ուղեկցում էր պահնորդական երեք մեքենա։ Ուղեկցության մեքենաներից առաջինն առաջ էր անցել՝ ճանապարհին իրավիճակը ստուգելու նպատակով։ Ֆահրիզադեի ուշադրությունը գրավել էին կակոցների նմանվող ձայներ։ Նա դուրս էր եկել մեքենայից՝ սխալմամբ այդ ձայները շփոթելով շարժիչի խափանման հետ։ Գիտնականի ուղղությամբ կրակ էր բացվել Nissan ավտոմեքենայից, որը հետո պայթեցվել էր։ Մահափորձի կազմակերպիչները պատահարի վայրում չեն եղել։ Գիտնականը խոցվել էր 4 փամփուշտով, նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

Իրանի ԱԳ ղեկավար Մոհամմադ Ջավաթ Զարիֆը հայտարարել է, որ սպանության գործում նկատվում է Իսրայելի հետքը։