Ստամբուլում ձերբակալված ռուսական ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին թուրքական աղբյուրի վրա հղումով։
«Որքան ինձ հայտնի է, գործը վարույթ չի ընդունվել»,- ասել է աղբյուրը։
ՆՏՎ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի ձերբակալության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 6-ին։
Ըստ թուրքական ԱԳՆ-ում աղբյուրի, նրանք հավատարմագրում չունեին և նկարահանում էին մի շրջան, որտեղ գտնվում է Baykar Savunma մարտական անօդաչու սարքերի արտադրությունը։
Ստամբուլի իշխանությունները հաստատել են, որ լրագրողները ձերբակալվել են չարտոնված նկարահանման համար։ Նրանք կալանքի տակ կմնան առաջիկա 3 օրը։
Կրեմլն իր հերթին հույս է հայտնել, որ ռուս լրագրողների ձերբակալության միջադեպը Թուրքիայում կկարգավորվի, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտ ապագայում ազատ կարձակվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։