Բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում, ինչը սպառնալիք է ազգային անվտանգությանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք: Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմոթյան ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք», – ասել է նա:
«Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկոյից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչ անելիքներ ունենք այստեղ», – նշել է Փաշինյանը:
Դեկտեմբերի 12-ի երեկոյան՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում մարտերի ֆոնին, սոցցանցերում ու մամուլում լուրեր տարածվեցին Փաշինյանի սպասվող հրաժարականի մասին։ «Իմ քայլը» հերքեց տեղեղկատվությունը։