AM
15 December 2020 - 11:38 AMT

Թուրքիայում ուկրաինական բանակի համար ԱԹՍ-ներ և ռազմանավեր կարտադրեն

Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են կնքել ուկրաինական բանակի համար կորվետներ (ռազմանավ) և հարվածային անօդաչու սարքերի համալիրներ արտադրելու և դրանց տեխնոլոգիաների փոխանակման մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ նպատակը երկրի ռազմածովային ուժերի հնարավորությունները զարգացնելն է։

Հոկտեմբերին հայտարարվեց, որ Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։

Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն:

2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։