Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը 6 ամսով կարգելվի։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հունվար 14-ի նիստում։
Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ երկրում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն։ Ուստի ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:
Ներկայումս Հայաստանում գործում է մոտ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություն, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը, գրում է «Հետքը»։
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
Ընդունված նախագիծը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման վրա, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:
2017 թվականին նախագծում նշված սև մետաղից արտահանվել է մոտ 8000 տոննա, պղնձի թափոն և ջարդոն` 2472 տոննա, ալյումինի թափոն և ջարդոն` 2000 տոննա:2018 թվականին արտահանվել է ավելի քան 12 հզր տոննա սև և գունավոր մետաղ: