Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու հնարավորության մասին։
Նա հիշեցրել է, որ Covid-19-ի նոր դեպքերն աշխարհում նվազում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Եվ թեև կան հիվանդացության աճով երկրներ, գլոբալ մակարդակով սա հուսադրող նորություն է, գրում է ՌԲԿ-ն։
«Դա վկայում է, որ վիրուսը կարելի է կառավարել՝ նույնիսկ հաշվի առնելով դրա տարածման նոր տարբերակները։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք կանխել վարակն ու կյանքեր փրկել, եթե շարունակենք պահպանել առողջության պահպանման արդեն հայտնի միջոցները»,-հայտարարել է Հեբրեյեսուսը։
Նա հիշեցրել է, որ աշխարհն արդեն մեկ անգամ բախվել է հիվանդացության նվազման հետ, սակայն այն ժամանակ երկրները շտապեցին հանել սահմանափակումները, իսկ մարդիկ թուլացրին զգոնությունը։
«Պատվաստանյութերի տարածմանը զուգահեռ կենսականորեն կարևոր է շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցները»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել էր, որ ամբողջությամբ չեզոքացնել կորոնավիրուսը շատ բարդ կլինի։