Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի մարման հաշվին ձեռնարկությունների փոխանցման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի վաղը Երեւանում: Այդ մասին այսօր հայտարարել է Երեւան ժամանած հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյհա Կլեբանովը: Նրա խոսքերով` «Դա կարեւոր պայմանագիր է երկու երկրների միջեւ, որի վրա արվել է բարդ աշխատանք»: Կլեբանովը նշել է, որ բոլոր տեխնիկական հարցերը կկարգավորվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Նա հայտարարել է, որ 2003 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանին Հայաստանի պարտքի մասին հարցն այլեւս չի բարձրացվի: Խոսելով ձեռնարկությունների մասին, որոնք փոխանցվում են պարքի հաշվին` նա տեղեկացրել է, որ «ձեռնարկությունները որոշված են վաղուց եւ այդ հարցում փոփոխություններ չկան»: Կլեբանովը նկատել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը չի մտնում պարտքի գումարի մեջ: Նրա գնահատմամբ, ձեռնարկությունների գները օպտիմալ են եւ համապատասխանում են պարտքի չափին: Նշենք, որ Իլյա Կլեբանովը ժամանել է այսօր Երեւան կարճատեւ աշխատանքային այցով: Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի ղեկավարությանը: