Կենսաբանները հեպատիտ B-ի բուժման 2 նոր մեթոդ են մշակել, հետազոտությունը հրապարակվել է Gut հանդեսում։ Մեկը հիմնված է ՌՆԹ-ինտերֆերենցիայի, մյուսը՝ ինտերֆերոն ալֆայի ներարկման վրա։
Երկու մոտեցումն էլ զգալի նվազեցրել են վիրուսային ԴՆԹ-ի ակտիվությունը և վերականգնել SMC5/6 սպիտակուցային համակարգը, որը ևս կարող է ապաակտիվացնել վիրուսի քրոմոսոմը, սակայն ամբողջությամբ ձերբազատվել բջիջներում ԴՆԹ վիրուսներից դեռ չի հաջողվել, գրում է nplus1.ru-ն։
Վիրուսային հեպատիտների 2 տարբերակ կա՝ թեթև և ավելի ծանր։ Թեթևն առաջացնում է հեպատիտ A, որը փոխանցվում է ջրի և սննդի միջոցով և լյարդի քրոնիկ հիվանդություններ չի առաջացնում, նաև հազվադեպ է մահվան հանգեցնում։ Ավելի լուրջ հետևանքներ են ունենում հեպատիտ B-ն և C-ն։ Հեպատիտ B-ի վիրուսով աշխարհում մոտ 250 մլն մարդ կա, ընդ որում՝ մոտ 800,000 մարդ է ամեն տարի մահանում վիրուսի առաջացրած լյարդի ցիռոզից և քաղցկեղից։
Հեպատիտ B-ն վնասում է լյարդի բջիջները՝ վերածելով դրանք վիրուսների հավաքման «ֆաբրիկայի», բջիջները դադարում են ճիշտ աշխատել և կիսվել, ինչն էլ ծանր հիվանդություն է առաջացնում։
Այժմ հեպատիտ B-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղամիջոցներ են օգտագործում, որոնք ճնշում են վիրուսային գենոմի նոր պատճեններ սինթեզող ֆերմենտների ակտիվությունը։ Հիվանդն այդպիսի դեղամիջոցները պետք է ընդունի մինչև կյանքի ավարտը, քանի որ դրանք չեն ձերբազատում վիրուսից, այլ միայն ճնշում են դրա բազմացումը։
Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բուժկենտրոնի հետազոտողները Լենա Ալվեյսի գլխավորությամբ թեստավորել են հեպատիտ B-ի բուժման նոր մեթոդները։ Չնայած դեռ չի հաջողվել ձերբազատվել վիրուսի մինիքրոմոսոմների ԴՆԹ-ից ամբողջությամբ, հետազոտությունը վկայում է, որ թերապիայի նոր մոտեցումները կարող են զգալի նվազեցնել դրա ակտիվությունը և, ի տարբերութէյուն, հակառետրովիրուսային թերապիայի, վերականգնել SMC5/6 համակարգը։
Դեռևս 1976թ․ Նոբելյան մրցանակ է շնորհվել հեպատիտ B-ի վիրուսի բացահայտման համար, իսկ հեպատիտ C-ի բուժման գործում ներդրման համար մրցանակը շնորհվել է 2020-ին՝ Հարվի Ալթերին, Մայքլ Հյութոնին և Չարլզ Ռայսին։