AM
10 February 2021 - 10:39 AMT

Քերոբյան․ IT ոլորտի շվեդական մի ընկերություն ՀՀ-ում պատրաստվում է 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել

Շվեդական մի IT ընկերություն Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ է պլանավորում բացել 2021-ին, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը $20-22 մլրդ կապիտալիզացիա ունի ու իր ոլորտում ամենախոշորներից է։

«Ընկերությունը գրասենյակներ ունի Վրաստանում և մի շարք երկրներում, հիմա պատրաստվում է Հայաստանում բացել»,- ասել է Քերոբյանը՝ վստահեցնելով, որ այդպիսի բազմաթիվ ընկերություններ կան։

Նախարարը կարևորել է ներդրողների հետ ճիշտ քաղաքականություն վարելու հարցը՝ նշելով, որ պետական կառավարման համակարգի բազմաթիվ օղակներում նրանց վանում են։ Ըստ Քերոբյանի՝ եվրոպական, ամերիկյան մի շարք ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու գործընթացի մեջ են:

Նախարարը նաև բնութագրել է Հայաստանի տնտեսության վիճակը մեկ բառով՝ ճգնաժամային․ պատճառը համաճարակն է ու պատերազմը:

Անդրադառնալով հարցին՝ եթե 2021-ին Հայաստանը վերադառնա 2019-ի տնտեսական արդյունքներին, ինչպե՞ս կգնահատի՝ Քերոբյանը նշել է, որ դա կլինի այն երկնիշ տնտեսական աճը, որի մասին ինքն արդեն խոսել է:

«Ես դա կհամարեմ նորմալ արդյունք, իհարկե պետք է ձգտել ավելիին: Արդեն դա կլինի լավ արդյունք, այն այսօր համարվում է չափից ավելի լավատեսական կանխատեսում: Իհարկե, մենք ունենք մեր գործիքակազմը, թե ոնց պետք է լուծենք այդ խնդիրը»,-նշել է նախարարը:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով՝ կազմելով $400 մլն։