Հայտնի ռուսաստանաբնակ իրավաբան միջազգայնագետ Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայում գործող ՄԱԿ Միջազգային դատարանի փոխնախագահ։ Դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գևորգյանը դատարանի կազմում աշխատում է 2014-ից։ Մինչ այդ նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՌԴ դիվանագիտական ծառայությունում, 2003-2009թթ․ եղել է Նիդերլանդներում ՌԴ դեսպանը։
ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ Գևորգյանը կարևոր ավանդ կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում՝ ուղղված վեճերի խաղաղ հանգուցալուծմանը։