AM
11 February 2021 - 09:15 AMT

Մերկել. Գերմանիայում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել, որի դեմ պայքարել է պետք։

Մեկնաբանելով հիվանդացության մակարդակի նվազումը երկրում՝ Մերկելն ասել ․ «Մենք կարող ենք շատ գոհ լինել»։

Նա հավելել է նաև, որ «երրորդ ալիքն է նշմարում, որի դեմ պայքարել է պետք», գրում է ՌԻԱ Նովոստին։

«2020-ին մենք չէինք կարող կանխատեսել վիրուսի մուտացիաների զարգացումը, առաջին զեկույցն ենք ստացել այդ մուտացիաների մասին․․․ Գիտենք, որ այդ մուտացիաներն իրողություն են, և դրանք ավելի են շատանում։ Հարցն այն է, թե ինչ արագությամբ դրանց քանակը կավելանա»,- ասել է կանցլերը։

Խորհրդակցության արդյունքում նոյեմբերի 2-ին Գերմանիայում սահմանված կարանտինը երկարացվել է մինչև մարտի 7-ը։ Ըստ Մերկելի՝ սոցիալական շփումների սահմանափակումը կպահպանվի, մանկապարտեզների և դպրոցների բացման մասին որոշումները պետք է կայացնեն դաշնային տարածաշրջանները։ Մարտի 1-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները։

Գերմանիայում այժմ փակ են բոլոր հաստատությունները, բացառությամբ խանութների, դեղատների, բանկերի, թերթերի կրպակների, փոստերի, բուժհաստատությունների։ Դպրոցներում հեռավար ուսուցում է։ Ինքնաշեն դիմակներ կրելը հանրային տրանսպորտում և խանութներում արգելված է։