Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել։
ՊԵԿ հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս կան տնտեսվարողներ, որոնք մինչ այժմ շահագործում են Կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող սարքեր կամ առհասարակ չեն շահագործում:
«Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից (ցանկը՝ ՊԵԿ կայքում)։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։