2020-ի ընթացքում 192 նորաստեղծ ընկերություն ստացել է հարկային արտոնության հավաստագրեր, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ 192 ընկերության գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։
«Ընդանուր առմամբ՝ 2020-ին ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը 2019-ի համեմատ կազմել է 22%։ Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով»,- գրել է Արշակյանը։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ պատերազմի օրերին Հայաստանին օժանդակած անհատներն ու կազմակերպություններն օգտվելու են մի շարք հարկային արտոնություններից։ Խոսքը Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումների մասին է: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանն ընթացակարգի դեպքում:






