AM
18 February 2021 - 11:47 AMT

470 մլն դրամ՝ Շուռնուխում 13 բնակելի տուն կառուցելու համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ է հատկացրել՝ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու համար։

Պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տուն մնացել էր ադրբեջանական վերահսկողության տակ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ իրենք արդեն մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները, առաջիկայում պետք է սկսվեն նաև 13 բնակելի տան շինաշխատանքները։

«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ։ Դրանք կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացները»,–ասել է նա։

Ղուլարյանի խոսքով` ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարում` առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհները` առանց ասֆալտապատման։

Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները կկառուցվեն, իսկ երրորդ փուլով գուցե անհրաժեշտություն լինի հասարակական և արտադրական նշանակության որոշ կառույցների շինարարության հարցեր առաջ քաշել։ Առաջին երկու փուլերի համար անհրաժեշտ կլինի 700 մլն դրամ։

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի որոշ գյուղերից տարածքներ են անցել ադրբեջանական կողմին՝ այդ թվում նաև հողակտորներ ու տներ։ Պատերազմից հետո տներից զրկված քաղաքացիներին հատկացվում է 300,000 դրամ միանվագ և 68,000 դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։