AM
19 February 2021 - 13:42 AMT

Օրինապահ հարկատուները մաքսային արտոնություն կստանան

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի՝ օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մաքսային մարմինների կողմից՝ օրինապահ հարկատուներին կտրամադրվեն էական արտոնություններ: Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը։

Նա նշել է, որ միևնույն ժամանակ պահանջվող չափանիշները կլինեն խիստ ու բարձր, գրում է «Առավոտը»։

«Կարող եմ վստահեցնել, որ թե՛ ներմուծողները, թե՛ արտահանողները, դառնալով օրինապահ հարկ վճարող, էականորեն կբարելավեն ընթացիկ պրոցեսները»,-ասել է նա:

Թե կոնկրետ ինչ արտոնություններ կստանան օրինապահ հարկատուները, ՊԵԿ պաշտոնյան չի հստակեցրել: Նա հավելել է, որ արտոնություններից մեկը կլինի բեռների շատ ավելի արագ բացթողնման հնարավորությունը, որը կարվի ավտոմատ, երբ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է: