ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ չունի՝ որպես անդրազգային կազմավորում։ Ըստ նրա, ԽՍՀՄ նախկին երկրները հազիվ թա դրան հավանության տան։
«Իսկ եթե խոսելու լինենք պատմական առումով «Մեծ Թուրանի» որպես անդրազգային կազմավորման մասին, ապա չեմ կարծում, որ Թուրքիան նման նպատակ է հետապնդում։ Չեմ տեսնում, թե իրականում ԽՍՀՄ մաս կազմած և անկախացած երկրները կարող են ինչ-որ տեսքով սատարել դրան։ Հակառակը՝ նրանց արտաքին քաղաքականության և ամբողջ գործունեության պաթոսն ուղղված է ազգային պետությունների ամրապնդմանը»,-ասել է Լավրովը՝ ՌԲԿ TV-ի եթերում պատասխանելով այն հարցին, թե վախենում է արդյոք Մոսկվան Թուրքիայի հզորացումից, եթե Ադրբեջանի նման երկրները կողմ են Մեծ Թուրանին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Լավրովի, Թուրքիան իր հետաքրքրություններն ունի՝ դա նույն լեզվով խոսող իր ազգակիցներն են։ Նա հավելել է, որ թրքալեզուների հարաբերությունների թեման բավականին խորն է Թուրքիայի և այլ երկրների, այդ թվում Ադրբջանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հարաբերություններում։
«Կա թրքալեզու պետությունների Համագործակցության խորհուրդ, որտեղ մենք դիտորդ ենք։ Մի քանի մեր հանրապետություններ շահագրգռված են այդ շփումներում՝ կոնկրետ նախագծեր են առաջ տանում»։ Կա թուրքական մշակույթի կազմակերպություն՝ Թյուրքսոյը։ Կա նաև Թրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողով և բոլորն էլ վաղուց գործում են, միջոցառումներ են անցկացվում։ Հիմնականում դա կատարվում է մշակութային, լեզվական, կրթական ավանդույթների միջոցով»,-ասել է նա։