AM
2 March 2021 - 10:08 AMT

Պիկետ՝ Թբիլիսիում․ Ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության կազմակերպած պիկետն ավարտվել է՝ 7 մասնակից ձերբակալվել է։

Մասնակիցների մի մասը տեղափոխվել է շենքի մոտ տեղադրված վրանների մոտ։ Ռուսթավելու պողոտան փակ չէ, իրավիճակը հանգիստ է, գրում է Sputnik Georgia-ն։

Ցուցարարերի և իրավապահների միջև անընդհատ փոքր բախումներ են լինում՝ ցուցարարները փորձում են փակել փողոցը, ոստիկանությունը թույլ չի տալիս, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մարտի 2-ի առավոտյան խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կազմակերպած պիկետի պատճառով պատգամավորները ստիպված էին շենք մտնել «խայտառակության միջանցքով»՝ նրանց հասցեին հնչում էին «ստրուկ», «դավաճան» որակումները։

Մարտի 1-ին «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Եվրամիությունը 2 շաբաթվա ընթացքում առաջընթաց է ակնկալում Վրաստանից քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում։

Քաղաքական ճգնաժամը Վրաստանում սրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորումից հետո։ Ընդդիմությունը փողոց է դուրս եկել և մտադիր է անընդմեջ բողոքի ակցիաներ իրականացնել։ Նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին և արտահերթ ընտրւթյուններ անցկացնել։