Չինաստանն առաջին երկիրը կլինի աշխարհում, որը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին այսպես կոչված պատվաստային անձնագրերի տրամադրման ծրագիրը։ Դա մի փաստաթուղթ կլինի, որը Չինաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներբեռնել հատուկ թվային հարթակից և ներկայացնել արտասահմանյան ուղևորությունների դեպքում, գրում է BBC-ն։
Աշխարհի տարբեր երկրներում վաղուց արդեն խոսակցություններ կան նմանատիպ անձնագրերի ներմուծման անհրաժեշտության մասին։
Նախաձեռնության կողմնակիցները վստահ են, որ դա թույլ կտա հնարավորինս շուտ բացել միջազգային սահմաններն ու վերականգնել համաշխարհային տնտեսությունը։ Ընդդիմախոսները կարծում են, որ նման անձնագրերն առաջին քայլը կլինեն իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն հաստատելու գործում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն։