SoftConstruct միջազգային ՏՏ ընկերության հայաստանյան գրասենյակում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների կողմից ստեղծված՝ PandaMR վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման հարթակի շնորհանդեսը, որի շրջանակում հնարավոր է նաև անցկացնել կոնֆերանսներ ու հանդիպումներ, ինչպես նաև ներկայացվել է Hoory արհեստական բանականությամբ օժտված ձայնային օգնականը:
Միջոցառմանը ներկա էին ՏՏ առաջատար ընկերությունների և մյուս բիզնես ոլորտների ներկայացուցիչներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օրեցօր ավելի մեծ մաս են կազմում արհեստական բանականության վրա հիմնված գործիքների կիրառությունները:
SoftConstruct-ը՝ շարունակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, ՏՏ անծայրածիր տիրույթում ունի իր կայուն տեղը: Ընկերությունը գործում է 2004 թվականից, ունի ավելի քան 14 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և մոտ 5000 աշխատակից:
Միջազգային հանրության մոտ PandaMR-ն ու Hoory-ն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Նախագծերի իրականացման շրջանակում կազմակերպությունը կհամալրվի ևս 50 աշխատատեղով:
Միջոցառման ընթացքում SoftConstruct ընկերության և ստարտափների խոշորագույն հարթակ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել, համաձայն որի երկու ընկերությունը համատեղ կկազմակերպեն նոր, նախադեպը չունեցող ձևաչափով միջոցառումներ PandaMR հարթակում:
Հուշագիր կնքվել է նաև SoftConstruct-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև, որի շրջանակում ընկերությունը կաջակցի մի շարք ուսանողներին ուսումնառության ընթացքում, ինչպես նաև PandaMR հարթակը կներդրվի համալսարանում ամենամյա միջոցառումների անցկացման համար:






