Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին կհեռանա պաշտոնից «Սպուտնիկ V»-ի հետ կապված սկանդալի պատճառով, հայտնել է Reuters-ը։
«Կոալիցիա կազմող 2 կուսակցություն իրենց կառավարությունում մնալը պայմանավորել են իմ հրաժարականով։ Իմաստ չուներ նման վիճակում բանավիճելը, ես աթոռից կառչած չեմ»,- ասել է նախարարը, գրում է «Վեդոմոստին»։
Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը փետրվարի վերջին պայմանավորվել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման մասին՝ շրջանցելով կոալիցիայի իր գործընկերներին։ Դա կտրուկ արձագանք առաջացրեց աջակողմյան կուսակցությունների առաջնորդների շրջանում։ Նրանք փորձեցին հասնել վարչապետի հրաժարականին, սակայն հավանություն չստացան նախագահ Զուզանա Չապուտովայից։ Այն ժամանակ «Հանուն մարդկանց» կոալիցիան սպառնաց, որ դուրս կգա, իսկ մյուս՝ «Ազատություն և արդարություն» կուսակցությունը պահանջեց վերադասավորումներ կատարել կառավարությունում։
Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն պատվաստանյութեր գնել այլ երկրներից։ Ըստ նրա՝ արտակարգ դեպքերում երկրները կարող են դեղամիջոցեր գնել առանց Եվրահանձնաժողովի և Եվրոպայի դեղամիջոցների գործակալության հավանության:
Մարտի 6-ին Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտնեց, որ երկիրը չի հրաժարվի «Սպուտնիկ V»-ից միայն այն պատճառով, որ պատվաստանյութը մշակվել է ՌԴ-ում։