Մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը ՀԱԷԿ-ի 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ վերանորոգման աշխատանքներով։ Այդ մասին ասվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցը, իսկ «առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ»: Իրականում, ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:
Նշվում է, որ մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է ՀԱԷԿ-ի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգում, որի ընթացքում, «Ռուսատոմ Սերվիս», ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ:
Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63․2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը։
«Ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող մոտ 1000 մասնագետների ներգրավմամբ: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: 2021թ․՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը հայտարարել էր, որ նախատեսվում է 2026-ից հետո համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը: Ժամկետի չերկարաձգման ռիսկերի մասով նա ասել է, որ ամեն դեպքում տեխնոլոգիական պրոցես է և ռիսկի գործոնը կա: Բայց միաժամանակ ընդգծել է. «Հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն իրենց բլոկերում այդպիսի փորձ ունեն, մենք հուսով ենք, որ ռիսկի գործոնը շատ փոքր է որևէ խնդիր առաջանալու համար»։
Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը և կայանի աշխատանքի երկարացումը մինչև 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։ Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։