AM
29 March 2021 - 11:21 AMT

ՏՄՊՊՀ․ Ձուն Զատկից առաջ կէժանանա

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ձվի գինը Սբ Զատկից առաջ կնվազի։

«Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ մարտի 29-ից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», – ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ին վարույթ է հարուցվելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյոք ձվի դեֆիցիտ կա, թե արհեստական է գնաճը, արդյոք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, կա հակամրցակցային համաձայնություն, թե առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտիվ է, թե՝ ոչ:

«Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալների գնումներ են կատարում և դրանք սպառողական նպատակներով չեն իրականացնում», – նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

Վերջին շրջանում հայաստանյան շուկայում հավկիթի գների աճ է արձանագրվել՝ որոշ խանութներում հասնելով 100 դրամի խոշոր հավկիթի դեպքում, և 75-ի՝ փոքր հավկիթի։ Որոշ խանութներում նույնիսկ սահմանափակ քանակով ձու է վաճառվում մեկ անձի՝ 15-ից ոչ ավելի։