ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ուղարկեց առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Այդ մասին ասվում է ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Ցանկն ուղարկվել է Պետեկամուտների կոմիտե` նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին:
Իսկ մինչ այդ, ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները` մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով (պիկը 270 էր):
Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը: