Աբու Դաբիի՝ IDEX 2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է՝ ԲՏԱ նախարարության 3 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ՝ «նկատողություն» և «խիստ նկատողություն»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով ծառայողական քննություն էր նշանակվել՝ 2021-ի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:
Ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը պարզել է․
1.Նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ցուցանմուշների տեղափոխման ծախսերը կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:
2.Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ԲՏԱ նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության 3 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ 2 աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ 1 աշխատակից՝ «խիստ նկատողություն»:
3.Աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ ԲՏԱ նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտ, 50 նախնական պայմանավորվածություն, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ:
Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ «Հետքի» թղթակից Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատության համար ներկայացրել էր նաև Ադրբեջանի տաղավարի լուսանկարը։ Ցուցահանդեսում ՀՀ ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։






