AM
1 April 2021 - 12:14 AMT

Փաշինյան․ Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում 20 մլրդ դրամով աճել են

Պետական բյուջեի եկամուտները 2021-ի առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 20 մլրդ-ից ավելի դրամով, մարտի տվյալով աճել է նաև առևտրաշրջանառությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիտարկվել են ինչպես մարտ ամսվա, այնպես էլ եռամսյակային տվյալները: Առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով՝ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով և հաշվարկային փաստաղթերով կատարված գործարքների քանակը մոտ 8․6 մլն-ով ավելի է, գումարային տարբերությունը 2020-ի նկատմամբ 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը 116.8 մլրդ դրամ է, գործարքների քանակով՝ 6․2 մլն»,- հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա նշել է նաև, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամի հարկային եկամուտներ հավաքագրել, փաստացի հավաքագրվել է 332.9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը 27.9 մլրդ դրամ է:

«Հաշվի առնելով, որ 332.9 մլրդ դրամի ներառված են նաև դրոշմանիշային մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22.3 մլրդ դրամ»,- ասել է նա։

2020-ի մարտին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինային խիստ պայմաններ էին գործում։ Երկրում չէին գործում առևտրի կենտրոնները, ժամանցի ու մշակութային հաստատությունները։