ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։
Մարտի 17-23-ը վերանայվել է նորարարական 23 գաղափար, և ևս 38 հայտ՝ կայացած ընկերություններից։
Նորարարական գաղափարների անվանակարգում հաղթող ընկերություններից է «Քայլտեքը», որը ներկայացրել է էկզոկմախք սարքը․ այն նպատակ ունի օգնելու ողնուղեղային և գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներին, զբաղվելու հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։
Ընկերություններից դրամաշնորհների հայտատուների թվում է եղել «Ինստիգեյթ ռոբոտիքսը», ներկայացված սարքը նախատեսված է՝ կանխելու անտառային հրդեհները և ծառահատումները։ Սարքը կարողանում է տեղորոշել կտրող սարքերի ձայնը, ֆիքսել ծուխը, տարածքը նկարում և ուղարկում է իրավիճակային կենտրոն։
Սարքը բազմաֆունկցիոնալ է. կարող է տեղեկություններ ուղարկել նաև տվյալ տարածքի եղանակի՝ ջերմաստիճանի, քամու արագության, տեղումների վերաբերյալ։ Կարող է կիրառվել նաև պաշտպանական նպատակներով, ինչն առայժմ նախագծային փուլում է։
Պատերազմի պատճառով 17-րդ միջոցառման գործընթացը սառեցվել էր, միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։ ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի որոշմամբ՝ 2021-ին պետբյուջեից կրկին միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։






